Երիտասարդները, որոնք կրթվում են, մասնագիտություն են ձեռք բերում, չեն վերադառնում Ալավերդի
Հասարակություն
15:30 03/05/2025
Հայաստան

Երիտասարդները, որոնք կրթվում են, մասնագիտություն են ձեռք բերում, չեն վերադառնում Ալավերդի

Ինչո՞վ են զբաղվում Ալավերդի քաղաքում երիտասարդները։ Լոռու մարզ  կատարած այցի ընթացքում փորձեցինք պարզել նաև այս հարցը։

«Դպրոցում ենք սովորում։ Դասերից հետո գնում ենք տուն, քնում ենք կամ , լավագույն դեպքում, պարապմունքների ենք գնում։  Նկարչության խմբակ կա, պարի։ Շատ կուզեինք, որ համայնքում լողի խմբակ էլ լիներ, բայց չունենք- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Ալավերդի համայնքի  ավագ դպրոցի սաներից մեկը։

«Ժամանցային վայրեր չկան, օրինակ՝ սրճարան կամ ուղղակի զբոսագի չունենք։  Կուզեինք ունենալ նաև «Լոֆթ»»,- շարունակեց ընկերուհին։

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա երիտասարդներն ասացին, որ համայնքում զբաղվածությությունը խնդիր է։

« Հիմա աշխատատողերը միայն սուպերմարկետներում են։ Երիտասարդները երկու հերթափոխով են աշխատում։ Այլ աշխատանքի վայրեր չկան»,- նշեց երիտասարդ աղջիկը։

Ալավերդիում նորմալ աշխատատեղեր չկան,հավելում է արդեն զբաղվածություն ունեցող լոռեցի երիտասարդը՝ Գևորգ Ասլանյանը, որը գործունեություն է ծավալում տուրիզմի ոլորտում՝ զբոսավար և ռաֆթինգի հրահանգիչ է։

«Ալավերդիում լավ աշխատանք է այս պահին համարվում դպրոցում կամ համայնքապետարանում աշխատանքը,բայց այլ առանձին կառույց, որտեղ երիտասարդները կարող են գտնել աշխատանք, չկա։ Եթե երիտասարդը հետաքրքրված է օրինակ՝ ՏՏ ոլորտով, նա կրթությունը ստանալուց հետո հետ չի վերադառնում Ալավերդի աշխատելու համար, քանի որ չկան աշխատատեղեր։ Այսինքն՝ այն երիտասարդները, որոնք կրթվում են, մասնագիտություն են ձեռք բերում, հիմնականում չեն վերադառնում Ալավերդի, որովհետև այստեղ նախ պետք է աշխատանք գտնի, հետո էլ որևէ հաստատությունում աշխատելու համար պահանջում են փորձ, որը նա չունի։ Իսկ Երևանում հեշտ է այդ փորձը ձեռք բերել»,- ասաց Ասլանյանը։

Նրա խոսքով՝ մարզում մեծ է պոտենցիալը տուրիզմի զարգացման համար, սակայն այստեղ էլ լեզուների իմացության և աշխատանքային փորձի պակասն է խնդիր։

«Լոռու մարզի համար ամենագլխավոր զարգացման ճյուղը տուրիզմն է, որովհետև ունենք հիասքանչ բնություն ու պատմամշակութային համալիրներ։ Ունենք Դեբեդ գետը, որը ռաֆթինգի համար միակ պիտանի գետն է Հայաստանում։ Ընդամնեը պետք է ուշադրություն դարձնել երիտասարդների կարծիքին, որպեսզի զարգանա համայնքը»,-հավելեց զբոսավարը։

Բուն Ալավերդի շրջանը ևս մեծ պոտենցյալ ունի տուրիզմի զարգացման համար։

«Սանահին, Հաղպատ, Օձուն, բոլոր մշակութային կենտրոնները գրավում են մարդկանց։ Տարբեր ազգերի մարդիկ ձգտում են գալ ու տեսնել մեր մշակույթային արժեքները։ Մի  հետաքրքիր բան ասեմ՝ լոռեցիները 18-րդ դարի եկեղեցին համարում են նոր եկեղեցի, որովհետև մեզ համար նորմալ է, երբ եկեղեցին պետք է լինի 10-12-րդ դարի»,- ասաց զբոսավարը։

Ասլանյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտը վերջին տարիներին բավականին տուժել է, նախ քովիդից ու պատերազմից, իսկ հետո՝ նախորդ տարի, ջրհեղեղից։

«Մոտ 10 տարի առաջ հետազոտություն արեցինք։ Սանահին օրվա կտրվածքով գալիս էր 900-1000 մարդ։ Մինչև քովիդն այդ ցուցանիշը տարեց տարի ավելանում էր։ Քովիդի ընթացքում կտրուկ նվազեց, հետո նորից աճեց։ Սակայն նախորդ տարի ջրհեղեղը մեծ վնաս հասցրեց։ Ճանապարհներն ամբողջությամբ քանդվել էր և տուրիստական ընկերություններն իրենց երթուղուց հանեցին Ալավերդու տարածաշրջանը։ Շատ փոքր խմբեր էին գալիս։ Հույս ունենք, որ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ կհաճախի։ Ջրհեղեղի հետևանքով  քանդված ճանապարհների բետոնե և երկաթյա հատվածները լցվել էին գետը, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում ռաֆթինգի համար։ Ժամանակ էր անհրաժեշտ, որ վտանգավոր հատվածները հեռացնել գետից։ Մենք մեր ուժերով հեռացրեցինք, մաքրեցին այն»,- ասաց նա։

Ի դեպ, ռաֆթինգի սեզոնը բացվում է մայիսի կեսից։ Զբոսաշրջության ակտիվացմանը զուգընթաց են բացվում մեծ խանութները, սպասարկման վայրերը։ Երիտասարդները կարծում են, որ այս ուղղությամբ ներդրումները կխթանեն նաև այլ ուղղություններում աշխատատեղերի բացմանը։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երիտասարդները, որոնք կրթվում են, մասնագիտություն են ձեռք բերում, չեն վերադառնում Ալավերդի